10 հունվարի 2022 - 13:22 AMT
Պուտին․ Ղազախստանում տեսնում ենք «միջազգային ահաբեկչության ագրեսիան»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստում հայտարարել է, որ Ղազախստանում տեսնում են «միջազգային ահաբեկչության ագրեսիան, որ գրոհայինները վարժվել են և անցել «թեժ կետերով»։

Պուտինը նշել է նաև ՀԱՊԿ անդամ երկրների փոխգործակցության բարձր մակարդակը և կողմերի պատրաստակամությունը՝ աշխատելու օրվա և գիշերվա ցանկացած ժամի։

«Դա մեծ վստահության արդյունք է»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը հավելել է նաև, որ անվտանգության համակարգի ձևավորման ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակում անցկացվող մանրակրկիտ աշխատանքը տալիս է իր արդյունքները։

Պուտինը նաև հորդորել է ՀԱՊԿ երկրներին համատեղ հակազդել արտաքին միջամտություններին։

Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևն իր ելույթում ասել է, որ Ղազախստանում նպատակ էր դրվել քաոս ստեղծել՝ հետագա իշխանազավթմամբ։ Նա Ղազախստանում ընթացող իրադարձությունները բեկումնային է անվանել ՀԱՊԿ-ի համար։

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն առաջարկել է ՀԱՊԿ-ի կողմից արգելված ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ ստեղծել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

Photo. Ria Novosti