10 հունվարի 2022 - 16:27 AMT
ՊԲ․ Ադրբեջանցիներն անկանոն կրակ են բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, ըստ որոնց, իբր, ՊԲ ստորաբաժանումներն ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ որակելով դրանք որպես հերթական ապատեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը:

Նշվում է, որ իրականում Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից ադրբեջանցի զինծառայողներն անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող մեքենան:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ: