11 հունվարի 2022 - 18:43 AMT
Նախագահը հուսով է՝ առաջիկայում Ղազախստանում վերջնականապես կվերականգնվեն խաղաղությունն ու կայունությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և հույս հայտնել, որ առաջիկայում երկրում վերջնականապես կվերականգնվեն խաղաղությունն ու կայունությունը:

Զրույցի ընթացքում նախագահ Տոկաևը տեղեկացրել է Ղազախստանում տիրող իրավիճակի և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Սարգսյանը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Հանրապետության նախագահը նաև հույս է հայտնել, որ հետևանքների հաղթահարումը ապագայի նոր ճանապարհ կբացի Ղազախստանի և նրա ժողովրդի համար։ Սարգսյանը նաև ընդգծել է Ղազախստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման Հայաստանի պատրաստակամությունը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։