12 հունվարի 2022 - 12:41 AMT
Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին հայտնել է Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի խախտումների մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 11-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույցում տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին վերջին օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումների մասին և կարևորել իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլերի իրականացումը:

Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո, և այս ձևաչափում աշխատանքների լիարժեք վերականգման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին: Նախարար Միրզոյանը կարևորել է ռազմագերիների ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման, աճյունների փոխանակման վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի հայտարարությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Ղազախստանում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը:

Զրուցակիցները շնորհավորել են միմյանց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և գոհունակություն հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի առնչությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Կողմերն անդրադաձել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության այլ հարցերի:

Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են կրակը։ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։