12 հունվարի 2022 - 17:31 AMT
ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը Ղազախստանից կմեկնարկի հունվարի 13-ին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Ալմաթիում օպերատիվ շտաբի նիստում հաստատել է, որ Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության դուրսբերումը կսկսվի հունվարի 13-ին:

Նա ասել է, որ հունվարի 13-ին կմեկնարկի ՀԱՊԿ ուժերի կազմակերպված դուրսբերումը և «շատ հաջող է» գնահատել այն, գրում է ՏԱՍՍ-ը։

Տոկաևը նաև ասել է, որ բանակցել է համապատասխան պետությունների ղեկավարների հետ։ Նա նաև երախտագիտություն է հայտնել զորակազմի հրամանատարությանն այս մի քանի օրվա աշխատանքի համար։

Նա նշել է, որ խաղաղապահ զորակազմը ներկայությունը Ղազախստանում, այդ թվում Ալմաթիում, ինքնին մեծ նշանակություն է ունեցել երկրում իրավիճակի կայունացման տեսակետից և մեծ հոգեբանական նշանակություն՝ «ավազակների և ահաբեկիչների ագրեսիան հետ մղելու» համար։

«Առաքելությունը գնահատվում է որպես շատ հաջող։ Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում անդամ պետությունների ղեկավարներին»,-ասել է նա։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։