12 հունվարի 2022 - 18:55 AMT
ՀԲ-ն 2022-ին ՀՀ-ում 4.8% տնտեսական աճ է կանխատեսում

Համաշխարհային բանկը 2022-ին Հայաստանում 4.8% տնտեսական աճ է կանխատեսում։ Տվյալները ներկայացված են ՀԲ 2022թ․ հունվար ամսվա Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցում:

Ըստ կանխատեսման, 2023-ին` Հայաստանում 5.4% տնտեսական աճ է ակնկալվում։

Զեկույցում նշվում է, որ հուսալի մասնավոր սպառումը և կայուն ներդրումային միջավայրը կաջակցեն ներքին պահանջարկին և կփոխհատուցեն շարունակվող հարկաբյուջետային կոնսոլիդացիայի ձգձգումը՝ արագացնելով 2023-ին տնտեսական աճը:

Կանխատեսումը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացման և պատվաստումների առաջընթացով, ինչպես նաև սպառողների և բիզնեսի վստահության բարելավմամբ:

ՀՀ կենտրոնական բանկը 2022-ի համար կանխատեսել է 5,3% տնտեսական աճ, իսկ ՀՀ 2022-ի բյուջեում տարեկան առնվազն 7% տնտեսական աճ է նախանշվել։