12 հունվարի 2022 - 19:00 AMT
Առաջարկ. Ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների գովազդը թույլատրել սահմանափակ թվով վայրերում

Առաջարկվում է ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների գովազդը թույլատրել սահմանափակ թվով վայրերում։ Խաղային բնագավառում միասնական քաղաքականության ապահովմանը և հավասար մրցակցային պայմանների ու պահանջների սահմանմանն ուղղված կառավարության նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Փոփոխություններ են առաջարկվում «Գովազդի մասին» օրենքում։

Նախատեսվում է ինտերնետ շահումով խաղերի, ինչպես նաև վիճակախաղերի` տոտալիզատորների կազմակերպման գործունեության գովազդի կարգավորումները համապատասխանեցնել խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գովազդներին ներկայացվող սահմանափակումներին:

Հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի խոսքով` գովազդ կթույլատրվի միայն 4-աստղանի և դրանից բարձր կարգ ունեցող հյուրանոցներում, սահմանային անցակետերում ու նմանատիպ գործունեություն իրականացնող շենքերի ճակատային հատվածում: Մյուս վայրերում գովազդն արգելված կլինի:

Հայրապետյանն ասել է, որ նման սահմանափակումներ գործում են շատ երկրներում, այդ թվում Լատվիայում, Էստոնիայում, Չեխիայում, Վրաստանում:

Նախաձեռնությունը դժգոհություն է առաջացրել գովազդային մեդիա ոլորտում: Գովազդային գործակալների ներկայացմամբ` գովազդային ընկերությունների հասույթի մեծ մասը` 60%-70%-ը գոյանում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտի շնորհիվ: Սակայն, հիմնական զեկուցողի պնդմամբ` իրենց հաշվարկներով այն կազմում է 20%-25%:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: