13 հունվարի 2022 - 14:41 AMT
Փաշինյան․ Խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են պետք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում խոսելով սահմանին միջադեպերի ու զոհերի մասին, ասել է, որ առաջնահերթ խնդիրներից է երկրի պաշտպանունակության բարձրացումը, սակայն, մյուս կողմից, կառավարության հռչակած խաղաղ զարգացման օրակարգը բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր:

«Շատ-շատերն անընդհատ փորձելու են ապացուցել, ցույց տալ, որ դա հնարավոր չէ։ Պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն ու անվտանգ միջավայր»,-ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ դա քաղաքական կարևոր անելիքն է և հետևողականորեն առաջ է մղվելու։

Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են կրակը։ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։ Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ զինծառայողի մահվան մասին: