14 հունվարի 2022 - 10:30 AMT
Հայ խաղաղապահները մեկնել են Ալմաթիից

Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումները Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից մեկնել են Ալմաթիից մշտական տեղակայման վայրեր, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հայաստանի ստորաբաժանումները բեռնել են իրենց ավտոմոբիլային տեխնիկան և անձնակազմը ՌԴ ՕՏՈւ Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ և մեկնել Ալմաթիի օդանավակայանից։

Ավելի վաղ Տոկաևն Ալմաթիում օպերատիվ շտաբի նիստում հայտարարել էր, որ Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության դուրսբերումը կսկսվի հունվարի 13-ին:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։