14 հունվարի 2022 - 18:38 AMT
Նախկին նախարարի և փոխկապակցված 2 անձի ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման հայցը վարույթ է ընդունվել

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երրորդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:

Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից, նրա հետ փոխկապակցված 2 անձից հօգուտ ՀՀ բռնագանձել մասնավորապես՝

· Երևաում գտնվող 2 բնակարանը, բնակելի տունը, հյուրանաոցառեստորանային համալիրը, ավտոտնակը, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 2 հողամասերը (ամբողջությամբ, որոշ դեպքերում՝ մասնակի), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը ընդհանուր կազմում է ավելի քան 2 մլրդ 500 միլիոն դրամ,

· 3 բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը, որոնցից միայն մեկ ընկերության անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 8,166,400,000 դրամ,

· բանկում ներդրված 1,661,628 դոլար ավանդը,

· 4,391,805,299 դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 272,975,855 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

Նշվում է, որ առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։