15 հունվարի 2022 - 11:03 AMT
Վաշինգտոնը ողջունել է Երևանի և Անկարայի միջև կայացած երկխոսությունը

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է Երևանի ու Անկարայի միջև կայացած երկխոսությունը։

«Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրի ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար»,- նշել են Պետքարտուղարությունում, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը՝ երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։

«Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։