20 հունվարի 2022 - 10:34 AMT
Բայրամով․ Ադրբեջանը կողմ է սահմանազատման մեկնարկին առանց որևէ նախապայմանի

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը կողմ է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկին առանց որևէ նախապայմանի։

Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումը դիտարկվում է որպես երկու երկրների հարաբերությունների կարգավորման կարևոր տարր, գրում է Haqqin.az-ը։

«Բաքուն կողմ է, որ այդ գործընթացը սկսվի առանց ժամանակ կորցնելու»,-ասել է նա։

Բայրամովը նաև ասել է, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում:

Հունվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ սահմանային իրավիճակի դեէսկալացիային ուղղված առաջարկների փաթեթ է փոխանցել Ռուսաստանին, ինչպես նաև ՌԴ միջնորդությամբ՝ Ադրբեջանին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը Բաքվից և Երևանից պատվիրակությունների շուտափույթ ձևավորում է ակնկալում՝ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելու համար։