20 հունվարի 2022 - 11:45 AMT
ՌԴ խաղաղապահներն Արցախում արտակարգ դեպքերի աճ են գրանցել

Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահներն արտակարգ իրավիճակների թվի աճ են գրանցել շփման գծի երկայնքով։ Այդ մասին հայտարարել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Միխայիլ Եժովը՝ հավելելով, որ խաղաղապահները կանոնավոր վարժանքներ են անցկացնում։

Նա ասել է, որ ուսումնական տագնապով գործողությունների մշակման ժամանակ ռուս խաղաղապահները տեղեր են զբաղեցնում կրակային դիրքերում՝ ապահովելու համար դիրքերի պաշտպանությունը, ինչպես նաև երթևեկությունը դադարեցնելու նպատակով փակում են մայրուղին, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Քանի որ վերջին շրջանում հաճախակի են դարձել արտակարգ իրավիճակների դեպքերը շփման գծի երկայնքով, ՌԴ խաղաղապահ զորակազմի զինածառայողների մասնակցությամբ անցկացվում են վարժանքներ՝ արդիական սպառազինության և ռազմատեխնիկայի կիրառմամբ։ Խաղաղապահները նաև վարժվում են դիրքերի վրա հարձակումը հետ մղելու տարբեր եղանակների առումով»,-ասել է Եժովը։

Նշվում է, որ ազդանշան ստանալուն պես խաղաղապահները սեղմ ժամկետում պաշտպանության են անցնում նախապես կահավորված դիրքերում։ Դիրքի պաշտպանունակությունը բարձրացնելու համար գործարկվել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով հերթապահ ստորաբաժանումներ։

Խաղաղապահ զորակազմի բոլոր դիրքերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական համակարգերով, որոնք նախատեսված են հրաձգային զենքից և բեկորներից զինծառայողներին պաշտպանելու, ինչպես նաև մերձակա տարածքի շրջանային դիտարկում իրականացնելու համար։