20 հունվարի 2022 - 16:34 AMT
Զախարովա․ Բաքվից և Երևանից արձագանք ենք ակնկալում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցերի վերսկսման մասով

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը Բաքվից և Երևանից պաշտոնական արձագանք է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության վերաբերյալ։

«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է տվյալ ձևաչափի աշխատանքի շարունակմանը՝ առաջին հերթին դրա մանդատին համապատասխան, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ծագել են 2020 թվականից հետո։ Մեր դիրքորոշումն ամբողջությամբ կիսում են Մինսկի խմբի գործընկերները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, դա արտացոլվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների` 2021 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ»- ասել է Զախարովան, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ այդ փաստաթղթում արձանագրվել է Բաքվին և Երևանին ուղղված կոչը՝ ամենամոտ ժամանակում համանախագահներին ընդունել տարածաշրջանում, ինչը թույլ կտա գնահատել իրավիճակը անմիջապես տեղում, շոշափելի առաջընթացի հասնել մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք քննարկվել են համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպումների ժամանակ:

Զախարովան նշել է, որ 2021 թվականի սեպտեմբերին և նոյեմբերին Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած հիշյալ շփումների արդյունքում համանախագահները 2021 թվականի դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում երկու նախարարներին փոխանցել են հետագա փոխգործակցության օրակարգի վերաբերյալ հավասարակշռված, միանգամայն իրատեսական առաջարկություններ։

«Դա ուղղված էր հրատապ մարդասիրական խնդիրների և հարցերի լուծմանը, առաջին հերթին՝ սոցիալ-տնտեսական ոլորտում։ Մենք պաշտոնական արձագանք ենք ակնկալում կողմերից, այդ թվում՝ եռյակի տարածաշրջանային այցերի վերսկսման հարցի վերաբերյալ»,-եզրափակել է նա։

Հունվարի 17-ին ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը չի կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ: Միևնույն ժամանակ ռուս դիվանագետը հույս էր հայտնել, որ մոտ ժամանակներս համանախագահների «եռյակին» այնուամենայնիվ կհաջողվի այցելել տարածաշրջան, ինչպես նաև խոսել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարել էր, որ Բաքուն թույլ չի տա ԵԱՀԿ Մինսկի խմբին զբաղվել ղարաբաղյան կարգավորմամբ, քանի որ այդ հարցը, նրա կարծիքով, փակված է: Պաշտոնական Երևանը, ընդհակառակը, կարծում է, որ խնդիրը չի վերացել և բազմիցս կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վերսկսմանը: Մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո միջնորդներին ոչ մի անգամ չի հաջողվել այցելել Արցախ։

Photo. TASS