Հայաստանը դիտարկում է «Ռոսատոմի» կողմից երկրում փոքր հզորության ատոմակայան կառուցելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է ՀԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Սյունիքի մարզում նման կայան կառուցելու հավանականություն կա՝ «Գեոպրոմայնինգ Հայաստան» ընկերության համար:
«Փոքր կայանների հարցը դիտարկվում է․․․Կա հավանականություն նման կայան կառուցելու «Գեոպրոմայնինգ Հայաստան» ընկերության համար, Սյունիքի մարզում»,-ասել է Մարտիրոսյանը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանցի գործարար Ռոման Տրոցենկոյի «Գեոպրոմայնինգ» ընկերությունը 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությանն է փոխանցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը: Կոմբինատը գտնվում է Քաջարանում։
Ըստ Մարտիրոսյանի, նոր կայանն առնվազն պետք է գործողի հզորության լինի՝ 500-600 ՄՎտ։ Սակայն, ըստ նրա, չի բացառվում, որ ավելի հզոր կայան կառուցելու հարց կառաջանա՝ երկու բլոկ 1200 ՄՎտ հզորությամբ։
«Դա կախված է էներգասպառման մակարդակից, որը կձևավորվի այդ ժամանակ, և հարևան երկրներին էներգամատակարարման ընդլայնման հնարավորություններից»,-ասել է նա։
Մարտիրոսյանը նաև ասել է, որ նոր ատոմակայանի համար մասնագետները կպատրաստվեն Ռուսաստանում։
«Ռուսաստանում, հենց Ռուսաստանում»,- ասել է Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե որտեղ և երբ են պատրաստվելու ատոմակայանի ապագա կադրերը:
Նա նշել է, որ Հայաստանի գործող ատոմային էլեկտրակայանի գործունեության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը, որից հետո կերկարաձգվի ևս 10 տարով, իսկ նոր ատոմակայանի շինարարությունը կտևի 10-12 տարի. «Եվ այն ժամանակ նոր ԱԷԿ-ի համար կադրերի հարց կառաջանա»։
«Կադրերը կպատրաստվեն ռուսական բուհերում․․․մեր գործող ատոմակայանի մասնագետներն անցել և անցնում են ուսուցումն ու որակավորումը Ռուսաստանի բուհերում»,-ասել է Մարտիրոսյանը։
ՌԴ «Ռոսատոմ» կորպորացիան ու Հայաստանը հուշագիր են ստորագրել նոր ատոմային էներգաբլոկերի կառուցման ոլորտում համագործակցության մասին։ Փաստաթուղթը ստորագրվել է հունվարի 20-ին՝ Դուբայում անցնող Էքսպո-2020 համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում:
ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիան և Հայկական ԱԷԿ-ի ղեկավարությունը գործակցության պատրաստակամություն են հայտնել՝ ՀԱԷԿ-ի հարթակում ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկերի կառուցման հնարավորությունը ուսումնասիրելու վերաբերյալ։