21 հունվարի 2022 - 16:53 AMT
Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ գծով բանակցությունների լիարժեք վերսկսումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք վերսկսումը:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիային ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ այն արդյունավետ կլինի, և կնպաստի Հարավային Կովկասում կայնության և անվտանգության հաստատմանը: Կարևորվել է նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա զարգացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին: Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկման վերաբերյալ: Այս առումով, նախարար Միրզոյանը կարևորել է Սոչիի եռակողմ հայտարարությամբ ամրագրված և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Ընդգծվել է նաև հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման, ինչպես նաև՝ Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը:

Հունվարի 17-ին ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը չի կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ: Միևնույն ժամանակ ռուս դիվանագետը հույս էր հայտնել, որ մոտ ժամանակներս համանախագահների «եռյակին» այնուամենայնիվ կհաջողվի այցելել տարածաշրջան, ինչպես նաև խոսել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարել էր, որ Բաքուն թույլ չի տա ԵԱՀԿ Մինսկի խմբին զբաղվել ղարաբաղյան կարգավորմամբ, քանի որ այդ հարցը, նրա կարծիքով, փակված է: Պաշտոնական Երևանը, ընդհակառակը, կարծում է, որ խնդիրը չի վերացել և բազմիցս կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վերսկսմանը: Մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո միջնորդներին ոչ մի անգամ չի հաջողվել այցելել Արցախ։