21 հունվարի 2022 - 18:34 AMT
Կլաարի և Դյումոնի հետ վարչապետի հանդիպմանը ընդգծվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ակտիվացման անհրաժեշտությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը:

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին:

Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:

Հունվարի 17-ին ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը չի կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ: Միևնույն ժամանակ ռուս դիվանագետը հույս էր հայտնել, որ մոտ ժամանակներս համանախագահների «եռյակին» այնուամենայնիվ կհաջողվի այցելել տարածաշրջան, ինչպես նաև խոսել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարել էր, որ Բաքուն թույլ չի տա ԵԱՀԿ Մինսկի խմբին զբաղվել ղարաբաղյան կարգավորմամբ, քանի որ այդ հարցը, նրա կարծիքով, փակված է: Պաշտոնական Երևանը, ընդհակառակը, կարծում է, որ խնդիրը չի վերացել և բազմիցս կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վերսկսմանը: Մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո միջնորդներին ոչ մի անգամ չի հաջողվել այցելել Արցախ։

Ընթերցեք նաև․ Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ գծով բանակցությունների լիարժեք վերսկսումը