22 հունվարի 2022 - 17:45 AMT
Թաթոյան. Հոգեկան խնդիրներով անձանց հանդեպ կիրառվել են օրենքով չնախատեսված զսպման միջոցներ

Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ օգտագործվել են օրենքով չնախատեսված զսպման մեխանիկական միջոցներ։ Այդ մասին հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ներկայացնելով հոգեբուժարաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին զեկույցը։

«Մասնավորապես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում կիրառվել է չոր փաթաթում և թաց փաթաթում, որն իրենց ներկայացնում է սառը ջրով թրջված սավանով փաթաթում։ Նման պրակտիկան խիստ անթույլատրելի է»,-ասել է Արման Թաթոյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նույնպես օգտագործվում են սավանի կտորներ, որոնք դժվարությամբ են արձակվում։

Արման Թաթոյանն ընդգծել է, որ հոգեբուժարաններում, հոգեկան առողջության կենտրոններում առանձնացված չեն ֆիզիկական զսպման միջոցների կիրառման համար առանձնացված սենյակներ, այն իրականացվել է ընդհանուր սենյակում՝ այլ խնամարկյալների ներկայությամբ։

«Սա միջազգային չափանիշների, նաև մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,-ասել է նա։

Պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն ուսումնասիրել են զսպման միջոցների հաշվառման մատյանները, տեսել են, որ զսպման միջոցների կիրառումը չի արձանագրվում։