24 հունվարի 2022 - 10:39 AMT
Զատուլին․ ՌԴ-ում անհանգստացած են ՀՀ-ում կատարվող գործընթացներով

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, մեկնաբանելով Արմեն Սարգսյանի հայտարարությունը երկրի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին, ասել է, որ Ռուսաստանում անհանգստացած են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով։

«Ակնհայտ է, որ նախորդ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունները չտվեցին բոլոր հարցերի պատասխանները ու չհաղթահարեցին Հայաստանի ներքաղաքական լուրջ ճգնաժամը»,- ասել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Մենք տեսնում ենք, որ այս քաղաքական ռեժիմն ավելի ու ավելի քիչ փաստարկներ ունի իր օգտին։ Այդ խնդիրը մեզ շատ լրջորեն անհանգստացնում է Ռուսաստանում, քանի որ այն անդրադառնում է և՛ հայ-ռուսական հարաբերությունների, և՛ Ռուսաստանի հանդեպ հայերի վերաբերմունքի վրա, և՛ ամենակարևորը՝ Հայաստանի՝ որպես դաշնակցի գործունակության վրա», - ասել է Զատուլինը։

Ըստ ռուս խորհրդարանականի՝ նախագահ Սարգսյանի հայտարարության նշանակությունն այն է, որ այն իրապես բնութագրում է Հայաստանում տիրող իրավիճակը: Ըստ նրա՝ Փաշինյանի թիմը չի կարողանում գլուխ հանել ներքաղաքական իրավիճակից և ակնհայտ է, որ իշխանությունը մեծ դժվարությամբ է փորձում պաշտպանել Հայաստանի շահերն արտաքին ասպարեզում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը։