24 հունվարի 2022 - 12:38 AMT
Տոնոյանը կմնա կալանքի տակ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այդ մասին հայտարարել է փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Կալանքի տակ կմնան նաև զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈւ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Իսկ գործով անցնող ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։

«Որոշումը նոր ենք ստացել, բավականին ծավալուն է, դեռ չենք ծանոթացել, բայց չեմ կարծում, որ կարող է այնպիսի հիմնավորում լինել, որը կարող է իրավական առումով տեղավորվել տրամաբանության մեջ», - ասել է պաշտպանը։

Նրա խոսքով՝ կծանոթանան որոշմանը և կարճ ժամկետում վերաքննիչ բողոք կներկայացնեն։

Պաշտպանները միջնորդել էին Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի համար երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Քրիստինե Պողոսյանը և Վիլեն Գաբրիելյանը, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը։

Կալանավորված նախկին բարձրաստիճան մյուս պաշտոնյաների համար էլ միջնորդել են պաշտպանները՝ առաջարկելով կիրառել այլ խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ։