24 հունվարի 2022 - 15:05 AMT
Օհանյան․ Սարգսյանի հրաժարականով ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին, ասել է՝ այն թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որոնք հարված են ՀՀ-ին և ինքը խուսափում է այդ ամենից։

«Ինչ վերաբերում է նրա հրաժարական տալուն, կարող է ներքաղաքական ու աշխարհաքաղաքական պայմաններ լինեն, լինեն նոր փաստաթղթեր, որոնցից ինքը խուսափում է»,- ասել է նա։

«Ես ցավում եմ, որ Արմեն Սարգսյանն իր հրաժարականը տվել է դրսից: Չգիտեմ՝ ինչն է պատճառ եղել: Ինքը, կարծես, որևէ առողջական խնդիր չունի, կամ եթե ունի, ինքը պետք է բացատրի դա»,- ասել է Օհանյանը, գրում է Panorama.am-ը։

Օհանյանի կարծիքով, այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում վերջին տարիների ընթացքում, նաև ՀՀ նախագահի անգործունեության և լուռ համաձայնության արդյունք են

Ըստ նրա, այսօրվա Սահմանադրությունը թույլ է տալիս, որ Հանրապետության գլուխն իր պարտականությունները կատարի. «Եթե ինքը ապացուցելու խնդիր ունի վերաբերվող հայ ժողովրդի ապագային, ինքը ընդհակառակը, պետք է լինի այստեղ, շարունակի իր գործունեությունը և ապացուցի, համապատասխան ընթացք տա, թե ինչ նպատակներ ունի»։

«Ինքն իր կարողություններով ուներ հնարավորություն ուսումնասիրելու մեր Սահմանադրությունն ու իր պարտականությունները կատարել։ Դա նշանակում է՝ կամ նրանք ունեցել են պայմանավորվածություններ ներկայիս կառավարության հետ, կամ կարող է ճնշումներ են եղել, կամ իր պարտականությունները չի կատարել և թերացել է»,-ասել է նա։

Օհանյանի խոսքով, նախագահի նոր ընտրություն կլինեն, այդ ընտրություններում ընդդիմադիր դաշինքն իր խոսքը կասի։

«Մենք քննարկելուց հետո համապատասխան տեղեկություն կտանք։ Հանրապետության նախագահ պետք է ընտրվի այն մարդը, ով մեծ հեղինակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում։ Երբ այդ գործընթացը սկսվի, մենք կքննարկենք, դրա մասին հայտարարություն կանենք»,- ասել է Օհանյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը: Նախագահի հրաժարականն ուժի մեջ կմտնի, եթե առաջիկա 7 օրվա ընթացքում Արմեն Սարգսյանը հետ չվերցնի դիմումը։