26 հունվարի 2022 - 12:26 AMT
Բայդեն․ Եթե ՌԴ-ն Ուկրաինա ներխուժի, աշխարհի համար «հետևանքները հսկայական կլինեն»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել, է, որ եթե ՌԴ-ն Ուկրաինա ներխուժի, աշխարհի համար հետևանքները հսկայական կլինեն։

«Հետևանքները հսկայական կլինեն, եթե Պուտինը ներխուժի այդ երկիր։ Դա ոչ միայն տնտեսական և քաղաքական հետևանքներ կունենա, այլ նաև հսկայական հետևանքներ կունենա ամբողջ աշխարհի համար»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա, «դա կլինի ամենամեծ ներխուժումը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, ինչը կփոխի աշխարհը»։

Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-ն մտադիր չեն իրենց զորքերը տեղակայել Ուկրաինայում։

Հունվարի 24-ին Պենտանոգնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն որոշել է բարձր պատրաստկանության բերել մոտ 8500 զինծառայողի, որոնք, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ կերպով կտեղափոխվեն Եվրոպա։ Մեկնաբանելով Պենտագոնի այդ հայտարարությունը՝ Բայդենն ասել էր, որ խոսքը ԱՄՆ միակողմանի որոշումների մասին չէ, այլ ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործողությունների։ Նա ասել էր նաև, որ որոշումը կախված կլինի Մոսկվայի գործողություններից։

Վերջին շրջանում Ուկրաինան և Արևմուտքի մի շարք երկրներ հայտարարում են, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա և այդ նպատակով ռազմական ուժեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ տեղեկությունները սին և անհիմն է անվանել և հավելել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ։ Նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելուն միտված սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ուժային լուծման փորձերը շատ լուրջ հետևանքներ կունենան։