Հունվարի 25-ին Բելգիայի ԱԳՆ-ում տեղի են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի քննարկումները բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը: Այդ մասին ՄԻՊ-ը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Բելգիայի Արտաքին գործերի նախարարության Երկկողմ հարաբերությունների հարցերով գլխավոր տնօրեն Ջերոն Կուրմանի և Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի հարցերի տնօրեն Լյուկ Լիբաուտի հետ հանդիպմանը մանրամասն հիմնավորել եմ, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները միջազգային իրավունքի խախտումով հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Այդ պահից սկսած ամեն օր խախտում են Հայաստանի բնակչության իրավունքները, խաթարել են մարդկանց նորմալ կյանքը:
Անդրադարձել եմ 2021թ. նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը:
Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները»,-ասվում է գրառման մեջ:
Թաթոյանը նշել է, որ խախտումների վերացման իրական լուծումն ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է ՀՀ գյուղերի մոտից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը ոչ միայն չի նվազել, այլ խորացել է:
«Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Մարդկանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է ապառազմականացված [անվտանգության] գոտի:
Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար»,-գրել է նա:
ՄԻՊ-ը նշել է նաև, որ խախտումները բնույթով նույնն են նաև Արցախում, ինչի մասին վկայում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները:
Թաթոյանը փոխանցել է նաև հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ իր զեկույցները՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը և ադրբեջանական իշխանությունների անօրինական արարքները (արհեստական դատավարություններ, մարդկանց պահելը քաղաքական ու ռազմական առևտրի նպատակով և այլն)։
Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների այլ հարցեր ևս` խոսքի ազատություն և լրագրողների մասնագիտական աշխատանքի պաշտպանություն, կանանց իրավունքների պաշտպանություն և այլն: