26 հունվարի 2022 - 13:37 AMT
Հայհոյանքներ՝ ԱԺ-ում․ Հակոբյանը հանել է ՀՌՀ հանձնաժողովում իր թեկնածությունը

ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և ընդդիմության` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թեկնածու Ռուբիկ Հակոբյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են հայհոյանքներ։

Նման իրավիճակ ստեղծվել է տվյալ հանձնաժողովում ՀՌՀ անդամի թափուր տեղի համար Հակոբյանի թեկնածության մասին հարցի քննարկման ժամանակ։ Թեկնածությունն առաջադրել է «Հայաստան» խմբակցությունը։ Ելույթում Հակոբյանն անդրադարձել է ժամանակին իր և լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպին, երբ հնչել է հայհոյանք և, ինչպես ինքն է ասում` թեթև ապտակ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Ձեր լիդերը շատ դաժան, կոպիտ, սրիկա հայհոյանք է տալիս, ասում է՝ փակեք կամերան, որ չերևա և ձեռքով այդ գործողությունն է ցույց տալիս, թե ինչ կանի ընդդիմության հետ: Ունենալով նման օրինակ, դուք ինձ ասում եք՝ ժողովրդին «խառնամբոխ» եք ասել. բառարանը բացեք, նայեք, խառնամբոխ բառի մեջ վիրավորական ոչինչ չկա»,– նշել է Հակոբյանը:

Ռուբիկ Հակոբյանն անդրադարձել է նաև ՔՊ-ական պատգմավոր Նարեկ Բաբայանին, նշելով, որ նա կարողացել է ԱԺ խցկվել «որպես իր կնոջ օժիտ» (նա Լենա Նազարյանի ամուսինն է - խմբ.):

Դրանից հետո Սիսակ Գաբրիելյանը հայտարարել է, որ նիստի բնականոն գործունեությունն ապահովելու համար ելույթը պետք է ավարտել:

Սիսակ Գաբրիելյանը ցանկացել է քվեարկության դնել Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը, ինչից հետո Հակոբյանն արձագանքել է, որ հանում է թեկնածությունը։ Նա նաև հորդորել է ՔՊ–ական պատգամավորին «ձայնը կտրել» ու իր հետ այդ տոնով չխոսել։

ՔՊ-ական կին պատգամավորներից մեկն էլ տեղից արձագանքել ու հարցրել է, գուցե նաև ջուր շփի իրենց վրա, ինչին ի պատասխան Ռուբիկ Հակոբյանն ասել է. «Այո, և կշփեմ: Ձենդ կտրիր, վեր ընկիր տեղդ: Այս կանոնակարգը նաև ես եմ գրել, գիտեմ՝ ինչ է պահանջվում: Իրավունք չունեք ընդհատել ինձ: Իմ կյանքի նպատակը ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակելն է»:

Սիսակ Գաբրիելյանն էլ պատասխանել է. «Քո ծնողն է անտակտ խուլիգանը, որ քեզ էդքան տարի մեծացրել ա, ու էդքան բան չի սովորացրել»:

Իրավիճակը սրվել է, Սիսակ Գաբրիելյանը վեր է կացել տեղից, մոտեցել է Ռուբիկ Հակոբյանին, հնչել են վիրավորանքներ՝ «կթքեմ վրեդ», «էշը դու ես, ոչխար», «անասուն», ինչից հետո նիստն ընդհատվել է։