26 հունվարի 2022 - 17:25 AMT
ՔԿ․ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձը 2020թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2021թ. հունվարի 25-ը ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձին հանձնարարել է նույն քրեակատարողական հիմնարկում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի իր անունից հրահանգել՝ «Կյաժ» մականունով անձի սպանության համար ծեծի ենթարկելու միջոցով «պատժել» կալանավորին, սակայն վերոնշյալ անձը հրաժարվել է կատարել հիշյալ հանձնարարությունը:

Այնուհետև, «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձի հանձնարարությամբ՝ «Կիլիկիացի Հարութիկը» նշված հանձնարարության կատարմանը ներգրավել «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի, ով երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պզե» մականվամբ անձի թեկնածությունը: Վերջինս, կրելով քրեական ենթամշակույթ ունեցող խմբավորման վարքագծի կանոնները, ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի երրորդ մասնաշենքում այսպես կոչված՝ «զոն նայողի» գործառույթները և 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի տեսքով դրսից բերված հանձնուքներ է բաժանել նշված մասնաշենքում պահվող անձանց, ինչպես նաև 2021թ. հունվարի 18-ին և 24-ին վերջիններիս հանձնարարել է իրականացնել անկարգություններ՝ դրանով իսկ փաստացի իր անդամակցությունն ունենալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը:

Բացի այդ, քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ կառավարության նախաձեռնած օրինագծի ընդունմանը խոչընդոտելու և իրենց անհամաձայնությունն ի ցույց դնելու համար, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «Կիլիկիացի Հարութիկը», ունենալով հրահանգ, 2019թ. սեպտեմբերի 5-ին զանգվածային անկարգություններ է կազմակերպել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որի ընթացքում 3-րդ և 4-րդ մասնաշենքերի խցերում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները, հայհոյելով և վիրավորանքներ հնչեցնելով իրավապահ մարմինների ծառայողների հասցեին, ոտքերով և տարբեր առարկաներով հարվածել են խցերի դռներին և կերակրադռնակներին, կոտրել դրանք, այրել ՔԿՀ հարակից տարածքի չոր խոտածածկի մի մասը, չեն ենթարկվել աշխատակիցների՝ զանգվածային անկարգությունները դադարեցնելու օրինական պահանջներին և անհնազանդություն են դրսևորել:

«Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, իսկ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մյուս անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով:

Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: