Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) բավարարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։
ԲԴԽ-ն նաև դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն է տվել։
«Հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունները բավարարել»,-ասվում է ԲԴԽ հայտարարության մեջ:
Դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է գտնվում Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի գործը։ Հունվարի 26-ին դատավոր Բախշիյանի որոշմամբ՝ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով։ Մինասյանն ազատ է արձակվել։
ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:
Դատավորների միությունը մտահոգություն էր հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։