2 փետրվարի 2022 - 17:01 AMT
Փոխնախարար․ Երիտասարդների «օմիկրոնով» վարակելիությունն ավելի բարձր է

Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կորոնավիրուսի նոր դեպքերի աճին, ասել է, որ դա պայմանավորված է երկրում շրջանառվող «օմիկրոն» շտամով, քանի որ այս տեսակն ունի բարձր վարակելիություն։

Նազարյանն ընդգծել է, որ «օմիկրոնով» վարակելիությունը երիտասարդների շրջանում ավելի բարձր է, գրում է Panorama.am-ը։

Նա հավելել է, որ մարդիկ ավելի թեթև են տանում հիվանդությունը, «օմիկրոնով» վարակվածներն ավելի քիչ հոսպիտալացման կարիք ունեն, մահացության դեպքերը նույնպես քիչ են։

«Այս պահին գործող սահմանափակումները եթե պահանվեն, բավարար են, որպեսզի կարողանանք պահպանել ցածր շեմ, նաև դրան զուգահեռ ակտիվ պատվաստման աշխատանքներ տարվեն»,- ասել է փոխնախարարը։

Հայաստանում փետրվարի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 374,878-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 3956-ով: