2 փետրվարի 2022 - 18:15 AMT
Օվերչուկն ու Գրիգորյանը ՀԿԵ զարգացման հարցեր են քննարկել

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Երկուստեք ընդգծվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կարևոր դերը Հայաստանի տնտեսության համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի օրակարգային հարցերին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին: