2 փետրվարի 2022 - 18:46 AMT
Վրաստանի քաղաքներում ցույցեր էին գների բարձրացման դեմ

Վրաստանի 4 քաղաքում՝ Թբիլիսիում, Քութայիսում, Փոթիում և Քոբուլեթում բողոքի ցույցեր են տեղի ունեցել գների բարձրացման դեմ։ Դրանք անցել են «Ոչ՝ կյանքի թանկացմանը» կարգախոսով։

Ակցիայի կազմակերպիչներն էին ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները։ Մասնակիցներից ոմանք նաև Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն ազատ արձակելու պահանջով պաստառներ էին կրում, գրում է Apsny.ge-ն։

Ակցիաների կազմակերպիչները լրագրողներին ասել են, որ վրդովված են 2021-ի նոյեմբերին վերաբերող ԵՄ նոր ուսումնասիրության արդյունքներով, որոնց համաձայն՝ Վրաստանն այն երկրների 10-յակում է, որոնց բնակիչներն ամենից հաճախ են ապաստան խնդրում ԵՄ-ում։

«Վրաստանը դառնում է թոշակառուների երկիր։ Երիտասարդությունը հեռանում է։ Խելացի, ուժեղ, աշխատունակ մարդիկ փախչում են Վրաստանից. Սա կատարյալ աղետ է»,- ասել է քաղաքացիական ակտիվիստ Գիորգի Մումլաձեն։

Ակցիայի մասնակիցները նաև պահանջում էին նվազեցնել կոմունալ ծառայությունների սակագները։