2 փետրվարի 2022 - 19:14 AMT
Ռուս փորձագետ․ «Օմիկրոնը» կորցրել է թոքերի հյուսվածք ներթափանցելու հատկությունը

Կորոնավիրուսը մուտացիայի արդյունքում կորցրել է թոքերի հյուսվածքի մեջ ներթափանցելու ունակությունը՝ «օմիկրոն» շտամը հիմնականում վերին շնչուղիներն է ախտահարում և հիվանդության ծանր ընթացք չի առաջացնում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։

«Կորոնավիրուսը որոնում է մարդու օրգանիզմին հարմարվելու լավագույն ձևը և այդ որոնումներում կորցրել է ռեցեպտորներից մեկը, որն ապահովում էր դրա ներթափանցումը թոքի հյուսվածքի մեջ»,- ասել է նա, գրում է «Վեդոմոստին»։

Ըստ նրա, «օմիկրոնն» այժմ Covid-19-ի ծանր ընթացք չի առաջացնում, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ բարդություններ կարող են լինել դրանից հետո։

Հայաստանում փետրվարի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 374,878-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 3956-ով: Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կորոնավիրուսի նոր դեպքերի աճին, ասել է, որ դա պայմանավորված է երկրում շրջանառվող «օմիկրոն» շտամով, քանի որ այս տեսակն ունի բարձր վարակելիություն։