Հայկական Picsart-ը, որն աշխարհի ամենահաճախ ներբեռնվող հավելվածներից է, հայտարարել է Code Republic կրթական հարթակը ձեռք բերելու մասին։ Գործարքի գումարը հայտնի չէ։ Նպատակն է՝ միացնել հարթակը Picsart Academy կրթական ստորաբաժանմանը։
2016-ից գործող Picsart Academy-ն տրամադրում է համաշխարհային մակարդակի ուսուցման հնարավորություն ՏՏ ոլորտի առավել մեծ որակավորում ունեցող ուսանողների համար, այդ թվում` վեբ-մշակումների, արհեստական ինտելեկտի, մեքենայական ուսուցման, ապրանքների կառավարման և այլ ոլորտներում։ Հազարավոր ուսանողներ են անցել Picsart ծրագրով, ամեն տարի հարթակը հարյուրավոր հայտարարություններ է ստանում։ Code Republic-ի գնումը թույլ կտա Picsart Academy-ին աջակցել ավելի մեծ թվով ծրագրերի և ընդլայնվել։
Գործարքի արդյունքում Code Republic-ի ավելի քան 20 աշխատակից կմիանա Picsart Academy-ի թիմին։ Code Republic-ի հիմնադիր Վարդան Գրիգորյանը նախկինում, մոտ երկու տարի, աշխատել է Picsart-ում ավագ ինժեների պաշտոնում։
2012 թվականից նա նաև կանոնավոր կերպով ծրագրավորման ուսումնական դասընթացներ է անցկացնում, որտեղ նաև տաղանդներ հայտնաբերելու և զարգացնելու ունակություն է ձեռք բերել։ Գրիգորյանը վերադառնում է Picsart որպես Picsart Academy-ի տնօրեն, որը զբաղվելու է ընկերության կրթական մասով` ուղղված նոր տաղանդների ներգրավմանը։
Picsart Academy-ի դասընթացներն այժմ ընթանում են միայն հայերեն լեզվով, և փետրվարին Երևանում առկա դասընթացներ են անցկացվելու։ Ընթացիկ տարում թիմը մտադիր է նաև անգլերեն լեզվով դասընթացներ սկսել և ընդլայնել առկա դասընթացները մյուս քաղաքներում։
Picsart-ը ֆոտո- և տեսախմբագիր է, որը 2011 թվականին ստեղծել է Հովհաննես Ավոյանը։ Հավելվածում, բացի խմբագրման գործիքներից և ֆիլտրերից, կա նաև սոցիալական հարթակ, որտեղ կարելի է կիսվել գործերով կամ դառնալ նախընտրած օգտատիրոջ հետևորդը։ Picsart-ն ավելի քան 800 աշխատակից ունի Նյու Յորքում, Բանգալորում, Բեռլինում, Մոսկվայում, Տոկիայում և Երևանում։ Ծառայությունը 150 մլն ակտիվ օգտատեր ունի աշխրհի 180 երկրում։
2020-ի վերջում Picsart-ը գնեց D’Efekt խելացի տեսախմբագրին, որը ստեղծել են հայաստանցի մի խումբ մշակողներ։ Այն թույլ է տալիս էֆեկտներ ներդնել տեսանյութում շարժվող օբեյկտների վրա։