3 փետրվարի 2022 - 12:53 AMT
Մոնթեի նկարներով և նրա մասին գրառումներով էջերի արգելափակման հարցով ՄԻՊ-ը դիմել է Facebook-ին

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարների և նրա վերաբերյալ գրառումների հրապարակումից հետո Facebook սոցիալական ցանցի օգտատերերի էջերի նկատմամբ կիրառվող արգելափակումների հետ կապված Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նամակ է ուղղել Facebook-ին։

«Հատուկ շեշտադրվել է, որ Facebook-ի այս քաղաքականությունը վնասում է սոցիալական մեդիայում խոսքի ազատությանը, առավել ևս այն պարագայում, երբ Մոնթեն մեր ժողովրդի համար հայրենասիրության և առաքինության, անձնուրացության օրինակ է համարվում»,-ասվում է ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել և Facebook-ին են ներկայացվել փաստեր, որ Մոնթեի մասին խոսվում է դպրոցական ու բուհական դասագրքերում:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել Մոնթե Մելքոնյանի նկարներով կա նրա մասին գրառումների պատճառով էջերի արգելափակումը Facebook սոցիալական ցանցում, որի մասին ավելի վաղ ահազանգել էր նաև Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։