3 փետրվարի 2022 - 18:16 AMT
Վարչապետ․ Գրանցված աշխատատեղերի ռեկորդային թիվ ունենք, աճել է միջին աշխատավարձը

2021թ. դեկտեմբերին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշ Երրորդ հանրապետության պատմության ընթացքում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ արձանագրվել է 659,471 աշխատատեղ, աճել է նաև միջին ամսական աշխատավարձը, 2018-ի համեմատ տոկոսով նվազել է ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը (մինչև 150,000 դրամ)։

Սակայն վարչապետն ընդգծել է, որ չենք կարող ասել, թե այս թվային փոփոխությունները, ըստ էության, մեծացրել են մեր քաղաքացիների բարեկեցությունը, քանի որ էական գնաճ է գրանցվել՝ 7.7 տոկոս։

Ներկայացնելով թվերը՝ Փաշինյանն ասել է, որ 2020-ի դեկտեմբերի համեմատ, 2021 թվականին աշխատատեղերն ավելի են 37,629-ով, 2019-ի համեմատ՝ 30,758-ով, 2018-ի համեմատ՝ 70,977-ով: «Ուզում եմ ընդգծել, որ այստեղ որևէ թվային մանիպուլյացիա լինել չի կարող, որովհետև այս աշխատատեղերը գրանցված են, այս աշխատատեղերի համար վճարվել է աշխատավարձ, և եթե անհրաժեշտություն լինի, բոլոր՝ 659,471 աշխատողներին անուն-ազգանունով կարող ենք նույնականացնել»,-ասել է նա:

Նա նշել է նաև, որ 2021-ի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277,661 դրամ, ինչը 2020-ի դեկտեմբերի համեմատ ավելի է 30,000 դրամով կամ 12 տոկոսով, 2019-ի համեմատ՝ 43,000 դրամով կամ 18 տոկոսով, 2018-ի համեմատ՝ 54,000 դրամով կամ 24.6 տոկոսով:

Խոսելով գնաճի մասին՝ Փաշինյանն ասել է, որ դա գլոբալ պրոբլեմ է և պայմանավորված չէ Հայաստանում առանձին վերցրած որևէ գործընթացով: «Մենք փորձում ենք միջոցներ ձեռնարկել գնաճը զսպելու համար և հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի գնաճը բերել պլանավորված միջակայքի»,-ասել է նա։