4 փետրվարի 2022 - 16:02 AMT
Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը

Մահացել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ, երգահան Արթուր Գրիգորյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է երգիչ Արա Մարտիրոսյանը:

«Հոգիդ թող միշտ մնա լուսավոր երաժշտությանդ պես: Հանգչիր խաղաղ վարպետ», - գրել է Մարտիրոսյանը:

Գրիգորյանը 63 տարեկան էր:

Նա հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։

Արթուր Գրիգորյանը 1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։

1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը և եղել դրա գեղարվեստական ղեկավարը։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։ 2001 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։

Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։