4 փետրվարի 2022 - 17:39 AMT
Ադրբեջանի օկուպացրած Ակնաղբյուրի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվում

Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվում: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի վարչական տարածք, որտեղ կառուցվում է բնակավայրը։ Նա հետևել է 2021-ի նոյեմբերից մեկնարկած շինաշխատանքների ընթացքին։

Ըստ նախագծի, նախատեսվում է կառուցել 12 բնակելի շենք՝ 216 բնակարաններով: Բնակավայրը կունենա խաղահրապարակներ և բնակիչների կենսաապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2023-ի սկզբին: Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել բնակիչների համար գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունների ստեղծման կարևորությունը:

Ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով: