4 փետրվարի 2022 - 17:54 AMT
Մշակույթի նախկին նախարար Պողոսյանի հարսին մեղադրանք է առաջադրվել. Հետախուզվում է

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրգործի նախաքննությամբ պարզվել են ՀՀ մշակույթի նախկին նախարար, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հասմիկ Պողոսյանի որդու կնոջ` Ֆրանչեսկա Կուտրուպիի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքի հանգամանքները:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, հանդիսանալով օֆշորային գոտում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության տնօրեն, 2011-2014թթ. ընթացքում վերոնշյալ հասարակական կազմակերպության նախագահի, փոխնախագահի և հասարակական կազմակերպության նախագահության անդամ, ՍՊ ընկերության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, ձևական գործարք կատարելու եղանակով թաքցրել և խեղաթյուրել է հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, հանցավոր գործունեության արդյունքում ստացված՝ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ. մակերեսով շենքի և 0,0467 հա. մակերեսով հողամասի ծագման աղբյուրն ու պատկանելությունը:

Այնուհետև տիրապետել և տնօրինել է նշված առանձնապես խոշոր չափերի գույքը՝ դրա նկատմամբ իրավունքները վաճառելով և գրանցելով մի շարք անձանց և Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված վերոնշյալ ընկերության անվամբ։

Նախաքննությունը շարունակվում է: