31 մարտի 2009 - 13:24 AMT
Վահե Գաբրիելյանն ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել են անգլիական Հոլգեյթ դպրոց
Մարտի 27-ին Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը համատեղ այց են կատարել ՄԹ Նոթինգհեմշիր կոմսության Հաքնել քաղաքի Հոլգեյթ դպրոց (Holgate School, Hucknall, Nottinghamshire): Այցելությունը նպատակ ուներ վերականգնելու Հոլգեյթի եւ 1988 թ. երկրաշարժից հետո Գյումրիում բրիտանական ֆինանսավորմամբ կառուցված Լորդ Բայրոնի անվան դպրոցների միջեւ հաստատված կապերը:

Դպրոցի տնօրենի եւ աշակերտական խորհրդի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու դպրոցների համագործակցության հեռանկարները, մասնավորապես` երկկողմ փոխայցելություններ կազմակերպելու, դպրոցներում Հայաստանի եւ ՄԹ օր նշելու, աշակերտների միջեւ փոստային գրագրության, ինտերնետային համատեղ կայքի միջոցով հաղորդակցվելու եւ այլ առաջարկներ: Այցի ընթացքում դեսպանների պատվին դպրոցի աշակերտները պատրաստել էին համերգային ծրագիր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: