5 փետրվարի 2022 - 16:37 AMT
Մետրոյի բոլոր կայարաններում հնչում են Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները։ Այդ մասին ասվում է Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում։

«Ցավակցում ենք Մաեստրոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,-ասվում է գրառման մեջ։

Երգիչ, երգահան, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը կյանքից հեռացել է փետրվարի 4-ին։

Գրիգորյանը կհուղարկավորվի փետրվարի 6-ին քաղաքային պանթեոնում: Նրա հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա փետրվարի 5 -ին, ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում: Վերջին հրաժեշտը` փետրվարի 6-ին, ժամը 11:00-13:00, նույն վայրից:

Արթուր Գրիգորյանը հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։

Արթուր Գրիգորյանը 1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։

1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը և եղել դրա գեղարվեստական ղեկավարը։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։ 2001 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։

Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։