7 փետրվարի 2022 - 18:34 AMT
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային ըմպելիքների գները ՀՀ-ում հունվարին 2021-ի համեմատ աճել են 12.2%-ով

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային ըմպելիքների գները Հայաստանում 2022 հունվարին նախորդ տարվա համեմատ աճել են 12.2%-ով, իսկ 2021-ի դեկտեմբերի համեմատ՝ 3.8%։ Այդ մասին ասվում է Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

Ամսական կտրվածքով ամենամեծ գնաճը հունվարին գրանցվել է Գավառում, իսկ Երևանում գներն աճել են 3.9%-ով։

Հացահատիկային արտադրանքի և ձավարեղենի գները 2022 հունվարին 2021-ի հունվարի համեմատ աճել են 10,4%, դեկտեմբերի համեմատ՝ 1.2%, գրում է ԱՌԿԱ-ն։

Մսի գինը մեկ տարվա կտրվածքով աճել է 8.1%-ով, իսկ մեկ ամսում՝ 0.8%-ով։

Ձուկն ու ծովամթերքը ընթացիկ տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ թանկացել է 31.8%-ով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 0.4%-ով։

Կաթնամթերքը, պանիրն ու ձուն հունվարին մեկ տարվա կտրվածքով թանկացել է 11.4%-ով, և մեկ ամսվա կտրվածքով՝ 1.1%-ով։ Միրգը հունվարին մեկ տարվա կտրվածքով էժանացել է 0.7%, իսկ մեկ ամսում՝ թանկացել 6.9%-ով։

Բանջարեղենը 2022 հունվարին 2021-ի հունվարի համեմատ թանկացել է 36.8%-ով, իսկ 2021-ի դեկտեմբերի համեմատ՝ 20.1%-ով։

Շաքարը, մրգային խյուսերը, օշարակները, շոկոլադն ու հրուշակեղենը հունվարին թանկացել են տարեկան առումով 11.7%, իսկ մեկ ամսում գները նվազել են 0.1%-ով։

Սուրճը, թեյն ու կակաոն ընթացիկ տարվա հունվարին 2021-ի հունվարի համեմատ թանկացել են 7.2%-ով, իսկ դեկտեմբերին՝ 0.7%-ով։

Հանքային ջրերի, աղբյուրի ջրի և շշալցված ջրերի գները հունվարին տարեկան կտրվածքով աճել են 4.4%-ով, իսկ ամսական՝ 0.2%-ով։

Գինին հունվարին, նախորդ տարվա համեմատ, թանկացել է 0.1%-ով, իսկ ամսական կտրվածքով տատանում չի գրանցվել։ Գարեջուրը թանկացել է 3.4%-ով (մեկ ամսում՝ 0.6%-ով), իսկ ծխախոտը՝ 10.9%-ով (մեկ ամսում՝ 0.9%-ով)։