12 փետրվարի 2022 - 11:52 AMT
«Գառնի» և «Լոռի բերդ» արգելոցներում կնշվի Տյառնընդառաջը

Փետրվարի 13-ին՝ ժամը 17:00-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում կնշվի Հայ Առաքելական եկեղեցու տերունական տոներից մեկը` Տյառնընդառաջը, տեղեկացնում է ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն« ՊՈԱԿ-ը։

Հայտնում են, որ «Գառնի» արգելոց-թանգարանում նախանշված միջոցառումը կմեկնարկի Գառնի համայնքի Սուրբ Խաչ եկեղեցուց: Մասնակիցները եկեղեցու կանթեղներից վերցված կրակով ու ազգային երգ-երաժշտության ուղեկցությամբ կշարժվեն արգելոց-թանգարան, որտեղ միջոցառման համար առանձնացված հատուկ վայրում (խոտածածկ տարածքում) կվառվի Տյառընդառաջի խարույկը:

«Գառնիում» կատարումներով հանդես կգա «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում ևս միջոցառումը կսկսվի ժամը 17։00-ին։ Խարույկը կվառվի արգելոցի տարածքում՝ հատուկ առաձնացված վայրում։

«Լոռի բերդում» կատարումներով հանդես կգա «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը։

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում նախանշված միջոցառման նպատակը՝ ազգային, ավանդական տոները պահպանելով, հուշարձանը ժողովրդին ավելի մոտեցնելն ու մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունք ձևավորելն է։

Մուտքը՝ պատմամշակութային արգելոց և արգելոց-թանգարան այցելության համար նախատեսված տոմսերով։