12 փետրվարի 2022 - 15:47 AMT
Խոսնակ․ Արցախի նախագահի հնարավոր հրաժարականի մասին հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում

ՀՀ որոշ լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկությունը, թե, իբր, օրեր առաջ նախագահ Արայիկ Հարությունյանը հեռանալու պատրաստակամություն է հայտնել, իրականությանը չեն համապատասխանում:

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը մասնավորապես նշել է, որ, չմեկնաբանելով լրատվամիջոցների հրապարակումները, պարզապես ցանկանում է հիշեցնել` պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին նախագահ Հարությունյանը հետպատերազմյան շրջանում մի քանի անգամ հայտարարել է` նշելով, որ կգնա այդ քայլին այն ժամանակ, երբ Արցախում հնարավոր լինի համապետական ընտրությունների անցկացումը, տեղեկացնում է Արցախպրեսը։

«Արցախում այս օրերին տրված է սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկը, ինչը մի շարք հարցերի պատասխան կտա։ Մինչ այդ գործընթացի ավարտը մնացած բոլոր քննարկումների մեկնաբանությունից ձեռնպահ կմնամ»,- ասել է Ավանեսյանը: