17 փետրվարի 2022 - 16:04 AMT
Իտալիայի Բելունոյում կներկայացվի Դադիվանքի որմնանկարների մասին գիրքը

Փետրվարի 19-ին Իտալիայի Բելունո քաղաքի «Պալացցո Ֆուլչիսի» մեծ դահլիճում իտալահայ գրող, հնագետ Անտոնիա Արսլանը կներկայացնի ճարտարապետ Արա Զարյանի և վերականգնող Քրիստին Լամուրեի «Դադիվանք. 1214 թվականին կառուցված Կաթողիկե եկեղեցու՝ 1297 թվականին թվագրված որմնանկարների պահպանությունն ու վերականգնումը» գիրքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։

Արսլանն այցելել էր Արցախ 2017-ին և 2018-ին։

Անտոնիա Արսլանը Պադովայի համալսարանի պրոֆեսոր է և բազմաթիվ նորարարական ուսումնասիրությունների հեղինակ: Վերջին տարիներին, իմանալով իր հայկական արմատների մասին, Արսլանը 2004-ին գրել է իր առաջին վեպը՝ «Արտույտների ագարակը», որը նրան բերեց համաշխարհային ճանաչում, թարգմանվեց 20 լեզվով, և որի հիման վրա Տավիանի եղբայրները նկարահանեցին համանուն ֆիլմը: 2012-ին ՀՀ նախագահի կողմից Անտոնիա Արսլանին շնորհվեց «Մովսես Խորենացի» մեդալը՝ մշակույթի բնագավառում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար: