«Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ասուլիսի ժամանակ պատասխանելով Միութենական պետության մասին Բելառուսի նախագահի հայտարարության մասին հարցին, ասել է, որ տարածաշրջանում գործոն լինելու հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՌԴ-ի հետ Միութենական պետության ճանապարհը։
Նա նշել է, որ լավ ճանաչելով Ալեքսանդ Լուկաշենկոյին, կարող է ասել, որ նա ասել է այն, ինչ մյուսները մտածում են։ «Իհարկե, նման դեպքերում պետք է կոռեկտ լինել, սակայն, նա ասել է այն, ինչ մտածում են մյուսները։ Դա փաստ է»,-ասել է Քոչարյանը։
Նա նշել է, որ իր իշխանության տարիներին նման առաջարկ չի եղել և ՀՀ-ում էլ չեն տեսել այդպիսի նախաձեռնության անհրաժեշտությունը, բայց հիմա այդ կարգի գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ՝ թե դա ինչ կտա երկրին և ինչ ստիպված կլինենք զիջել։
«Լուծումները կախված են նրանից, թե ինչ ուղղությամբ ես գնում։ Եթե գնում ես գործոն լինելու ճանապարհով, հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել միութենական պետության շրջանակներում։ Բայց հիմա ընդհանրապես պարզ չէ, թե պետությունն ինչ է ուզում»,- ասել է Քոչարյանը։
Նա նշել է, որ ամեն դեպքում պետք է խորացնել Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները, քանի որ ՌԴ-ից բացի մեկ այլ երկիր շահագրգռված չէ, որ Հայաստանը գործոն լինի տարածաշրջանում։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնի ռուսաստանցի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, խոսելով ՌԴ և Բելառուսի միութենական հարաբերությունների մասին, կարծիք է հայտնել, որ Բելառուսի և ՌԴ-ի Միութենական պետությանն ապագայում կարող են միանալ հետխորհրդային տարածքի նաև այլ պետություններ՝ այդ թվում Հայաստանը, «որը տեղ չունի գնալու» և «ոչ մեկին պետք չէ»։ Նա ասել է, որ այժմ արդեն տեսանելի է ընդհանուր պաշտպանական տարածքը։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Միութենական պետությանը միանալու հնարավորության մասին, ասել է, որ Հայաստանի օրակարգում նման հարց չկա։