18 փետրվարի 2022 - 10:36 AMT
Սևանում 48 մլն եվրո արժողությամբ ջերմոցային համալիր կկառուցվի

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանում 48 մլն եվրո արժողությամբ Արդյունաբերական ջերմոցային համալիր կկառուցվի։

Գործադիրը փետրվարի 17-ի նիստում հավանություն է տվել 51.4 հա համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը «Գրին սոլուշնս» ՍՊԸ հիմնադիր Էդուարդ Օհանյանի օգտին օտարելուն։

Կառավարությունը հավանություն է տվել Էդուարդ Օհանյանի կողմից ներկայացված Սևան համայնքում Արդյունաբերական ջերմոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին: Խոշոր ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով համաձայնություն կտրվի Սևան համայնքում համայնքապետարանի կողմից ուղղակի վաճառքով:

Ծրագիրն իրականացվելու է 115 հա տարածքի վրա. նախատեսվում է կառուցել 45 հա ընդհանուր տարածքով ջերմոցային խոշոր համալիր և 2,7 հա մակերեսով արդյունաբերական տնկարան: Ստեղծվելու է 400-450 նոր աշխատատեղ։

Շինարարական աշխատանքների համար նախատեսված է 60 ամիս ժամկետ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ այս գործարքից ընդհանուր առմամբ համայնքային բյուջե 22 մլն դրամ մուտք կարվի:

Վերջնական արդյունքում տարեկան կարտադրվի մոտ 12,000 տոննա բանջարեղեն, որի 80 տոկոսը նախատեսվում է արտահանել: