ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հետախուզությանը հղումով, հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել Ուկրաինա ներխուժելու մասին և այն կսկսվի առաջիկա օրերին՝ Դոնբասում ցեղասպանության պատրվակով, որի մասին հայտարարում են ՌԴ պաշտոնյաները։
«Հիմա ես համոզված եմ, որ Պուտինն Ուկրաինա ներխուժելու մասին որոշում է կայացրել»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ դա տեղի կունենա առաջիկա մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա ընթացքում, գրում է BBC-ն։
Նա հայտարարել է նաև, որ ռուսների թիրախը լինելու է Կիևը։
«Քաղաք, որտեղ 2․8 մլն անմեղ մարդ է ապրում։ Մենք մշտապես բարձրաձայնում ենք ՌՌ պլանների մասին, քանի որ չենք ուզում, որ հակամարտություն լինի, և ուզում ենք հնարավորն անել, որ ՌԴ-ն ներխուժման պատրվակ չունենա»,- ասել է նա՝ հավելելով, որ քանի դեռ հարձակումը չի սկսվել, դիվանագիտական լուծումը հնարավոր է։
Բայդենը նաև ասել է, որ եթե ռազմական գործողություններն Ուկրաինայում սկսվեն մինչև փետրվարի 24-ին կայանալիք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքերի հանդիպումը, դա կնշանակի, որ Ռուսաստանը «փակել է դուռը դիվանագիտության համար»։
Բայդենի այս ելույթը լրագրողների առջև տեղի է ունեցել ԱՄՆ դաշնակից երկրների, այդ թվում Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի և Ռումինիայի ղեկավարների հետ հեռախոսազրույցներից հետո։
Փետրվարի 18-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հայտարարվել է Դոնբասից բնակչության զանգվածային տարհանման մասին։ Այդ մասին հայտարարել են Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները։ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է որ, ըստ ՌԴ իշխանությունների հետ պայմանավորվածության, ՌԴ Ռոստովի շրջանում տարածք են հատկացրել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների բնակչության համար, իսկ սահմանային անցակետերում պայմաններ են ստեղծվել արագ անցման համար։ Տարհանվածների առաջին խմբերն արդեն Ռուսաստանում են՝ հիմնականում, խոսքը կանանց, երեխաների և տարեցների մասին է։