19 փետրվարի 2022 - 16:07 AMT
Միրզոյանը Մյունխենում Գերմանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել իրավիճակը ԼՂ-ում և ՀՀ ու Ադրբեջանի սահմանին

Փետրվարի 18-ին Մյունխենում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ պետնախարար Տոբիաս Լինդների հետ հանդիպմանը ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։

Շեշտվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձումը:

Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ։ Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու պետությունների միջև արդյունավետ համագործակցության շուրջ: Արարատ Միրզոյանը և Տոբիաս Լինդները երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ պատրաստակամություն են հայտնել խորացնելու երկու երկրների միջև համագործակցությունը։