19 փետրվարի 2022 - 16:47 AMT
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները Մյունխենում խոսել են երկրների միջև հարաբերությունների հաստատման հեռանկարներից

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների և համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ իրականացնել երկու երկրի միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման գործում։

Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ համապատասխան ներուժ կա՝ զարգացնելու գործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում։

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարներն ընդգծել են երկու երկրի միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ներդրումային ծրագրերի իրականացման և գործարար շրջանակների միջև շփումների հաստատման կարևորությունը։

Փետրվարի 18-ին Մյունխենում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ պետնախարար Տոբիաս Լինդների հետ հանդիպմանը ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ Շեշտվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձումը: