Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թագիևը։
Նա հայտարարել է, թե իբր 1988 թվականի փետրվարից Քոչարյանն ու Սարգսյանը, Ղարաբաղի կազմակերպություններում և հաստատություններում ազգությամբ հայ աշխատակիցների ժողովներ են կազմակերպել «ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև ազգային թշնամանք, ատելություն հրահրելու նպատակով», գրում է Haqqin.az-ը։
Թագիևն ասել է նաև, թե ՀՀ նախկին նախագահները «քարոզում են, որ Ղարաբաղը հայկական է»։
Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ամենամոտ ապագայում «կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։ Նա ասել է, որ Հարությունյանը հետախուզման մեջ է և մեղադրվում է «Գյանջայի բնակիչների դեմ ահաբեկչությունների մեջ», որոնք կատարվել են 2020-ի հոկտեմբերին: