Համացանցում հայտնվել են Կիև քաղաքի մերձակայքում գտնվող Գոստոմել ավանի մոտ ռուսական ուղղաթիռների գրոհի ապացույցներ։
Տեսանյութերից մեկում երևում է մի քանի տասնյակ ուղղաթիռի ցածր թռիչքը, մյուսում՝ ուղղաթիռներից մեկի խոցումը։
Արդեն գետնի վրա խոցված ուղղաթիռի պատկերից պարզ է, որ գրոհին մասնակցել են նաև նորագույն ԿԱ-52 ուղղաթիռները։
Ավանը Կիևից մոտ 20 կմ հեռավորության վրա է գտնվում։
Գոստոմելում է գտնվում «Անտոնով» ընկերության օդանավակայանը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր հերթին, հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է միտումնավոր պատերազմը, որը աղետալի զոհերի և տառապանքների է հանգեցնելու և ասել, որ «միասնական և վճռական պատասխան է լինելու»։