Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ փետրվարի 28-ին տեղի ունեցած բանակցություններում ցանկալի արդյունքի բացակայության մասին։ Նա հավելել է, որ անցումը երկրորդ փուլին կորոշվի առաջին փուլի արդյունքների վերլուծությունից հետո։
«Դեռևս չունենք ցանկալի արդյունք․․․ ՌԴ-ն հայտնել է իր դիրքորոշումը, մենք ներկայացրել ենք մեր կետերը՝ պատերազմը դադարեցնելու համար։ Որոշ ազդակներ ստացել ենք»,-ասել է Զելենսկին, գրում է «Վեդոմոստին»։
Նա ևս մեկ անգամ հորդորել է արևմտյան երկրներին և միջազգային հանրությանն ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ։ Զելենսկին նաև հայտարարել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտ է ներկայացրել, այն արդեն Բրյուսելում է և սպասում է ստորագրման։
Ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իր հերթին, հայտարարել է, որ հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկա օրերին։ Նա հավելել է, որ այն, հավանաբար, լեհ-բելառուսական սահմանին կլինի։
Բանակցությունների մասին մանրամասներ Մեդինսկին չի հայտնել, միայն ասել է, որ կողմերը քննարկել են ամբողջ օրակարգը և որոշ կետեր գտել «որոնց շուրջ կարելի է կանխատեսել ընդհանուր մոտեցում», գրում է ՌԲԿ-ն։
Ռուս-ուկրաինական բանակցություններն անցել են բելառուսական Գոմելում՝ քննարկվել են հրադադարի պայմանները և պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր հանդիպման մասին։